ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 10

Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Հին Արևելք, Կովկաս և Բյուզանդիա, Արևելյան աղբյուրագիտություն): Այս միջազգային պարբերականներին իրենց մասնակցությունն էին բերում ժամանակի առաջատար գիտնականներ ինչպես ԽՍՀՄ-ից, այնպես էլ արտերկրից:
Գ. Սարգսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում հայ արևելագետների անմիջական շփումներին արտասահմանյան գործընկերների հետ: Նրա օրոք ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում էին միջազգային գիտաժողովների աշխատանքներին, հրատարակվում արտերկրի գիտական հանդեսներում: Ըստ էության հայ արևելագիտությունը 1970-1990-ական թվականների սկզբներին հաջողությամբ դուրս եկավ միջազգային ասպարեզ և իրավամբ ԽՍՀՄ առաջատար արևելագիտական կենտրոններից մեկն էր:
Գ. Սարգսյանը չէր պատկանում այն գիտնականների թվին, ովքեր իրենց բազմազբաղ գիտակազմակերպական գործունեության ընթացքում աստիճանաբար հեռանում են ակտիվ գիտական գործունեությունից: Այսօր, երբ փորձում ենք հետ նայել, համոզվում ենք, որ նա կարողացավ ներդաշբակ և կատարյալ զուգակցել գիտնականի և գիտության կազմակերպչի բնատուր հատկությունները:
Գ. Սարգսյանը երբեք չդավաճանեց իր գիտահետազոտական գործունեությանը: Ավելին, 1970-1990-ական թվականներին կտրուկ ավելացան նրա գիտական հետաքրքրությունների շրջանակները ՝ ներառելով այնպիսի ուղղություններ, որոնց նա ժամանակին միայն հպանցիկ էր անդրադարձել: Գ. Սարգսյանի գիտական հետաքրքրության առարկա ուղղությունների միայն հպանցիկ թվարկումն ինքնին արդեն խոսուն է` 1) հինարևելյան քաղաքային համայնք, 2) հելլենիստական դարաշրջանի Միջագետքի սոցիալ-տնտեսական կյանք, 3) ուշբաբելոնյան և հելլենիստական դարաշրջանների սեպագիր տեքստերի հրատարակություն և ուսումնասիրություն, 4) Հին Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմություն, 5) հելլենիզմը Հայաստանում, 6) Մովսես Խորենացու « Հայոց պատմության » ժամանակագրություն և պատմագիտական առանցքագաղափար, 7) նախամեսրոպյան հայոց պատմագրություն, 8) Ուրարտու-Հայաստան և հայ ժողովրդի կազմավորման խնդիրները և այլն:
Գ. Սարգսյանի գիտահետազոտական գործունեության բնորոշ առանձնահատկությունը նրա սկզբունքայնությունն էր, որը նա պահպանում էր սրբորեն: Հազիվ թե հնարավոր լինի հիշել թեկուզ մի դեպք, երբ Գ. Սարգսյանը, ելնելով պահի թելադրանքից կամ արտաքին ճնշումից, փոխեր իր տեսակետները: Եվ, իհարկե, Գ. Սարգսյանի այդպիսի բնութագրի շարունակությունը պետք է համարել նրա մշտական պայքարը
10