ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 200

Պ.գ.դ. Քոսյան Արամ (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ) ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՓՐԱՏՅԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ Երջանկահիշատակ Գ.Սարգսյանն իր հետազոտությունների վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ անդրադարձավ հայոց վաղ պետականության և հայ ժողովրդի կազմավորման խնդիրներին՝ տուրք չտալով հակագիտա- կանության զանազան դրսևորումներին, փորձելով հստակություն մտցնել դրանցում: Մասնավորապես, քննարկելով Մովսես Խորենացու առաջին հայկյանների տեղաշարժերի և Ուրարտու-Հայաստան խնդիրները, նա ներկայացրեց մեր օրերում դեռևս արդիական մոտեցումներ 1 , որոնց ուսումնասիրությունը կարող է շարունակվել դեռ շատ երկար: Ներկայացվող թեման մի փորձ է քննարկման դնելու վերոհիշյալ երկու խնդիրների որոշակի աշխարհագրական համատեքստը: Մի փոքր առաջ անցնելով, նշեմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը առկա աղբյուրների լույսի ներքո անկասկած տեղավորվում են Հայկական լեռնաշխարհի մի տարա- ծաշրջանում, որը պարփակված է մի կողմից Վանա լճով, մյուս կողմից՝ Եփրատի ակունքների և վերին հոսանքի շրջանի ու Հայկական Տավրոսի հարավային եզրերի միջև: Հիմնականում սա ընդգրկում է պատմական Մեծ Հայքի երեք նահանգների զբաղեցրած շրջանը` Տարոն-Տուրուբերան, Ծոփք և Աղձնիք: Այս երկրամասը որոշ ուղղություններում ծավալվում է հյուսիսում դեպի Բարձր Հայքի մի մասը, մասնավորապես ներկայիս Երզնկայի դաշտը: Մի տարածք, որին հայագիտության դասականները, այդ թվում՝ Գ.Սարգսյանը, ժամանակին տվել էին «Նախնական Հա- յաստան» անվանումը: Անզեն աչքով էլ կարելի է նկատել, ձեռքի տակ ունենալով Առա- ջավոր Ասիայի ֆիզիկական քարտեզը, այս տարածաշրջանի առանձնա- հատուկ դիրքը մի կողմից Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների, մյուս կողմից սիրիա-միջագետքյան աշխարհի և Փոքր Ասիայի միջև: Կարելի է վստահաբար ասել, որ այստեղ «կոնտակտային գոտի»