Միևնույն ժամանակ Թուրքիայում պետությունը տարածում էր պատմության պրիմորդիալիստական ազգայնական տարբերակը, որի կենտրոնում Քեմալ Աթաթյուրքի կերպարն էր ։ Ինոնյուն ներկայացվում էր վերջինիս ստվերում և հաճախ էր հայտնվում հետազոտական թեմաների սահմաններից դուրս ։
Հետազոտական մոդեռնիստական հայեցակարգերի( Է. Գելլներ, Է. Հոբսբաում, Բ. Անդերսոն) և պատմագրության նոր մոտեցումների և մեթոդների տարածմանը զուգընթաց փոխվեց նաև Թուրքիայի պատմության ուսումնասիրությամբ զբաղվողների հետազոտական թիրախը ։ Նրանք շարունակում էին հետաքրքրվել քեմալական արդիականացման հարցերով, սակայն հետազոտության ուշադրության կենտրոնում էին հայտնվում ոչ թե կենտրոնական իշխանությունն ու իր բարեփոխումները, այլ այնպիսի խնդիրներ, որոնց մինչ այդ կարևորություն չէր տրվում պատմաբանների կողմից ։ Վերջին երկու տասնամյակում թուրք և արևմտյան հետազոտողները ստեղծել են աշխատանքներ, որոնցում քննվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քեմալական իշխանության կառուցվածքն ու գործունեության մեխանիզմները, ազգակերտման գործընթացը, էթնիկական քաղաքականությունը Թուրքիայի Հանրապետությունում, հասարակությունպետություն կապը, Թուրքիայի տնտեսական և սոցիալ-մշակութային առօրյան և այլն ։
Նշված պատմագրական ալիքի վրա վերանայվեց նաև Ինոնյուի դերը Թուրքիայի Հանրապետության կյանքում ։ Ստեղծվեցին հետազոտական աշխատանքներ, որոնք առնչվում էին Ինոնյուի գործունեության տարբեր հանգամանքներին ։ Դրանք բոլորը հպանցիկ անդրադառնում էին Ինոնյուի ավտորիտար իշխանության և անձի պաշտամունքի ձևավորման խնդիրներին, սակայն դրանցից ոչ մեկը չէր դիտարկում այդ երևույթների առաջացման պատճառները ՝ թուրքական հասարակության սոցիալ-մշակութային դինամիկայի տեսանկյունից ։ Հաճախ ավտորիտար իշխանական համակարգը և անձի պաշտամունքը մեկնաբանվում էին որպես քեմալիստների համար անխուսափելի գործիք ՝ քաղաքական և սոցիալական համակարգերի արագ բարեփոխման համար, ինչպես նաև որպես քեմալիստների վրա Եվրոպայում տարածված ամբողջատիրական( տոտալիտար) վարչակարգերի ուղիղ ազդեցության արդյունք ։
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ատենախոսության թեմայով համապարփակ աշխատանքները բացակայում են, ուսումնասիրության ընթացքում մենք օգտագործել ենք հայ, ռուս, թուրք և արևմտյան հետազոտողների այն աշխատանքները, որոնցում անդրադարձ կա Ինոնյուի նախագահության շրջանում սոցիալ-մշակութային դինամիկայի տարբեր հանգամանքներին ։
12