MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 37

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ( ԱԻ)
1973 Թ. ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՆԱՎԹԱՅԻՆ ԷՄԲԱՐԳՈՆ
Էներգետիկ ռեսուրսներով, մասնավորապես նավթով հարուստ Մերձավոր Արևելքի արաբական երկրները մշտապես եղել են գերտերությունների ուշադրության կենտրոնում: Մինչև նավթի հանքավայրերի հայտնաբերումը տարածաշրջանն Արևմուտքի համար մեծ կարևորություն էր ներկայացնում աշխարհաքաղաքականության տեսանկյունից, իսկ էներգետիկ ռեսուրսների պաշարների հայտնաբերումից հետո դրա նշանակությունն էլ ավելի մեծացավ:
Եվրոպական տերությունների միջև արաբական երկրների մանդատների բաժանումից հետո Մերձավոր Արևելքի արաբական պետություններում արևմտյան ընկերությունները սկսեցին իրականացնել նավթի հետախուզում, արդյունահանում և արտահանում: Այդ ամենը կատարվում էր կոնցեսիոն պայմանագրերի համաձայն, որոնք կնքվում էին անհավասար պայմաններով, և ընդհուպ 70-ական թվականների սկիզբը կոնցեսիոն համակարգը շարունակում էր մնալ Մերձավոր Արևելքում մոնոպոլիաների գործունեության հիմքը: Օտարերկրյա նավթային կոնցեսիաների ազգայնացման գործընթացը գործնականորեն ավարտվեց միայն 1979-1980 թվականներին:
Արդեն 20-րդ դարի 50-ական թվականներին, երբ ազգայնացման համար պայքարը նոր էր սկսվել, արաբները, հասկանալով Արևմուտքի կախվածությունը իրենց նավթային մատակարարումներից, մի քանի անգամ փորձեցին օգտագործել այդ հանգամանքը իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար:
Առաջին նման փորձը եղավ Սուեզյան ճգնաժամի ժամանակ, ապա 1967 և 1973 թվականների արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ, սակայն Արևմուտքի համար լուրջ խնդիրներ առաջացրեց հատկապես 1973 թ. հոկտեմբերյան պատերազմի ժամանակ կիրառած արաբական էմբարգոն:
Արագ և համոզիչ հաղթանակ տանելով 1967 թ. պատերազմում` Իսրայելը վստահ էր, որ մոտակա տասնամյակներում արաբները չեն համարձակվի հարձակվել իրենց վրա: Սուեզի ջրանցքի երկայնքով իսրայելցիները կառուցել էին հզոր ամրություններ, որոնք կոչվում էին
37