LAYOUT March 2018 #12 | Page 4

1 ԲԱՑԱՏՐԱԳԻՐ Ու՞ր հասանք, ու՞ր ենք գնում Ուղիղ մեկ տարի առաջ լույս տեսավ Layout-ի առաջին համարը: Հետադարձ հայացքով փորձում ենք վերլուծել և հասկանալ՝ ի՞նչ փոխվեց, ի՞նչ ավելացավ ոլորտում, ի՞նչ կարողացանք անել և արդյո՞ք արեցինք այն ամենը, ինչ ի սկզբանե ցանկանում էինք: Կարծում ենք, որ բոլոր բարդությունները և թերությունները հաշվի առնելով՝ սա մեծ քայլ էր: Վերջապես Հայաստանում հայտնվեց այն պարբերականը, որի կարիքը շատերս էինք զգում: Հավատացեք՝ շատ դժվար էր ամեն ամիս ապահովել բավարար քանակի որակյալ բովանդակություն՝ ունենալով չափազանց սեղմ ռեսուրսներ թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական: 12 համարների մեջ մենք հրապարակել ենք նախագծեր Իսպանիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից, Պերուից, Ռուսաստանից, Լատվիայից, Թուրքիայից, Գերմանիայից և Չինաստանից: Փորձել ենք գտնել այնպիսի նախագծեր, որոնք ժամանակակից են, հետաքրքիր և նորարարական, սակայն ոչ այնքան հայտնի, նախագծեր, որոնց դժվար թե հանդիպեիք առօրյա news- feed-ում: Միևնույն ժամանակ փորձել ենք կարևորություն տալ ճարտարապետական տեքստին՝ վստահ լինելով, որ տեքստը գծագրից ոչ պակաս ուժ ունեցող գործիք է մասնագիտության մեջ: Տեքստերը չափազանց տարբեր էին՝ ճարտարապետների առօրյա մտորումներից մինչև ժամանակակից ճարտարապետության տեսությանը վերաբերող նյութեր: Layout-ը նաև հարթակ դարձավ ուսանողների համար, որոնք հնարավորություն ստացան ընթերցողներին ներկայացնել իրենց նախագծերը: Ի վերջո այս ամենի թիրախային լսարանի մեծամասնությունը հենց ուսանողներն են և երիտասարդ ճարտարապետները, այն մարդիկ, ովքեր նոր են կազմավորվում որպես մասնագետներ, և մենք մեծ հույսեր ունենք, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, իր ազդեցությունը կունենա ապագայում, կդրդի ավելի շատ կարդալ, հետաքրքրվել, ուսումնասիրել ու չմնալ պարփակված հայաստանյան նեղ իրականության մեջ: