LAYOUT March 2018 #12 | 页面 33

Անկախանալուց հետո երևանցիները հայտնվեցին անորոշության մեջ, ինչպես լողալ չիմացող մարդը՝ Գեղամա ծովում։ Ժամանակակից քաղաքների զարգացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, տարբեր խմբերի շահերը հաճախ իրարամերժ են, օրինակ, խոշոր բիզնեսը ձգտում է կառուցել շատ, բարձր, կենտրոնացված։ Փոքր բիզնեսին պետք են մարդաշատ բարեկարգ փողոցներ, բազմաթիվ մուտքեր, ցուցափեղկեր, բակեր։ Մշակույթին պետք են մեծ և ազատ տարածություններ, երեխաներին՝ այգիներ, քաղաքապետարանին՝ ենթակառուցվածքային ցանցերի հնարավորինս հեշտ կառավարվող տարբերակներ, հողի և գույքի վաճառքից անընդհատ եկամուտներ և այլն։ Քաղաքի բնակչությունը, քաղաքացիները պետք է միավորված լինեն համայնքներում և հասկանան, թե ինչ միջավայրում են ուզում ապրել, հստակ պատկերացում ունենան կայուն, հարմարավետ, առողջ, վերջապես հաճելի կյանքի մասին և գնահատեն այդ ապրելակերպի գրավականները՝ նյութական արժեքների միջոցով պահպանվող հիշողությունը, ազատ տեղաշարժի հնարավորությունը, արևը, ջուրը, օդը, անվտանգությունը և հազար ու մի ուրիշ բան։ Եթե քաղաքացիների մոտ կա այս ամենի գիտակցությունը, ապա միանշանակ կգտնվեն գործիքներ սահմանափակումները և ուղղորդումները իրականացնելու համար, որոնք վաղուց գոյություն ունեն և հաջողությամբ կիրառվում են ամբողջ աշխարհում։ Ցավոք, այսօր մենք սեփական կյանքը կառավարելու անընդունակ հասարակություն ենք, և բնական է, որ մեր փոխարեն որոշումներ է կայացնում և քաղաքը իրեն հարմարեցնում վերը նշված խմբերից ամենաուժեղն ու ինքնուրույնը, բնականաբար, խոսքը իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի մասին է, որը, իհարկե, այսօր չունի քիչ թե շատ հավասարազոր մրցակից և անվերջ կշարունակի վարվել քաղաքի հետ այնպես, ինչպես ձեռնտու է միայն իրեն։ Երբ այս կամ այն նախագծի մասին լսում ենք, որ չեն եղել հասարակական քննարկումներ, պետք է հստակ հասկանանք, որ չի խոսվում ճարտարապետների ստեղծագործության արդյունքը քննարկելու մասին, բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները մասնակցեն այն չափորոշիչերի մշակման գործընթացին, որը կսահմանի իրենց կյանքի միջավայրի փոփոխությունը և ապագան։ Եվ միայն այդ հստակ ու հասկանալի շրջանակներում մենք՝ ճարտարապետներս, կունենանք ազատ և համեմատաբար անկաշկանդ ստեղծագործելու հնարավորություն: