LAYOUT March 2018 #12 | Page 32

8

ՃԱՐՏԱՐԱՄԱՅՆՔ

Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Կան մարդիկ, ովքեր սովոր չեն ինքնուրույն կյանքին, և այն պահին, երբ ճակատագրի բերումով զրկվում են ծնողական խնամքից, չեն կարողանում հարմարվել, ճիշտ որոշումներ կայացնել և կա ՛ մ խուսափում են ընտրության դժվարագույն բերկրանքից, կա ՛ մ ամեն ինքնուրույն քայլով հայտնվում էլ ավելի բարդ իրավիճակներում ։ Ենթադրում եմ, որ նույնը պատահում է նաև հասարակությունների և, հետևապես ՝ քաղաքների հետ ։ Մի շարք հետխորհրդային քաղաքներ երկար տարիներ ապրում էին կենտրոնացված պլանային տնտեսության օրենքներով, իսկ Երևանը, պատմական առանձնահատկությունների պատճառով, չէր ունեցել ինքնուրույն « մեծի » կյանք նույնիսկ վերջին 150 տարվա վերածննդի ժամանակ ։ Քաղաքաշինական որոշումները, լավ թե վատ, միշտ ընդունվել են վերևից ՝ ուժեղ իշխանության կողմից, այդպես էր թե ՛ պարսկական տիրապետության ժամանակ, թե ՛ ցարական Ռուսաստանի և թե ՛ խորհրդային ։ Իհարկե, անարդար է մեկ նժարի վրա դնել այս երեք պատմական հատվածները, ակնհայտ է փիլիսոփայական և քաղաքական բովանդակային տարբերությունը, բայց կա նաև նմանություն. երբևէ Երևանի հասարակությունը չի եղել որոշող, կանոններ և սահմաններ թելադրող, քաղաքացիները չեն ձևավորել հստակ պահանջներ իրենց քաղաքային միջավայրի հարմարության և գեղագիտական որակի վերաբերյալ, և քաղաքաշինական գործունեության արդյունքը կախված էր ներկա պահի իշխանությունը ներկայացնող փոքրաթիվ մարդկանց քաղաքական նպատակներից, պատկերացումներից և պարզապես շնորհքից ։ Սակայն ես չեմ գնահատում այս գործելաոճը որպես միանշանակ բացասական, քանի որ քաղաքի զարգացման համար ամենակարևորը ոչ թե ձևն է, այլ քաղաքական կարգի, տնտեսության և կառավարման ներդաշնակությունն ու հստակ տրամաբանությունը ։