5
ՆԱԽԱԳԻԾ՝ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի
1-ին կուրսի ուսանողուհի Մերի Չալիկյանին ռազմարվեստը հետաքրքրել է
դեռ դպրոցական նստարանից՝ գիտակցությամբ, որ բանակի խնդիրներով
ու հոգսերով պետք է հետաքրքրված լինի յուրաքանչյուր քաղաքացի և իր
ներդրումն ունենա բանակաշինության հարցում:
Դառնալով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի ուսանողուհի և ապագա ճարտարապետ՝ տարիների
ընթացքում Մերիի մտքում հասունացավ իր նախասիրությունը և, ինչպես
ինքն է ասում, իր պարտքը մասնագիտության տեսանկյունից դիտարկելու
գաղափարը:
Եվ, երկար ուսումնասիրություններից, զինվորական առօրյային,
հոգեբանությանը, ռազմական ինտիտուտներում առկա խնդիրներին
ծանոթանալուց և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի
սպայական անձնակազմի հետ համագործակցելուց հետո Մերին հղացավ իր՝
դեռևս նախադեպը չունեցող նախագիծը:
Նա նախագծեց ռազմական ինստիտուտի տարածք, որը նորություն
էր և բարենպաստ թե' ստրատեգիական, թե' աշխարհագրական
դիրքի տեսանկյունից: ՙԲավական լուրջ դժվարություններ առաջացան
ուսումնասիրման փուլում. թեման գրեթե ուսումասիրված չէր, բացակայում էր
գրականությունը, և մինչև ինձ արված ուսումնասիրություններ չկար։ Իհարկե,
կարծում եմ, եթե կա խնդիր, ապա կա նաև դրա լուծումը: Անգնահատելի
էր ղեկավարիս՝ Անահիտ Վարդանյանի կատարած աշխատանքը, իհարկե
նախագծի կատարման հարցում մեծ էր նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական
ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի և փոխգնդապետ
Գրիգոր Հանեսօղլյանի աջակցությունը՚: