LAYOUT June 2017 #03 | Page 17

Ոչ վաղ անցյալում նախագծային ինստիտուտներում ամեն մի նախագծի իրականացման տարածքը չէր տեղավորվում ոչ թե մեկ գծագրական սեղանի, այլ երբեմն ընդարձակ աշխատասենյակի սահմաններում։Այսօր կրճատվել է նույնիսկ նախագիծը շինհրապարակ հասցնելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը, օրինակ, պատճենահանող- գծագրողները վաղուց արդեն անգործ են։ Իհարկե, ճարտարապետները մինչ օրս աշխատում են կոնստրուկտորների, օդափոխության, էլեկտրամատակարարման ցանցերի և ուրիշ բնագավառների ճարտարագետների հետ, բայց ժամանակակից կապի շնորհիվ կարող են նույնիսկ չհանդիպել իրական կյանքում՝ փոխանակելով միայն թվային փաստաթղթերը և տեղեկությունները։ Ճարտարապետը մնում է իր արվեստանոցում մենակ։ Հետաքրքիր է տեսնել՝ ինչպես է փոխվել ճարտարապետի սեղանը։ Համակարգչից, սքաներ-տպիչներից ու ուրիշ սարքերից չխոսենք, ամեն ինչ պարզ է: Է՞լ ինչ: Գծագրական տախտակ ը շատ արվեստանոցներից անհետացել է՝ տեղը զիջելով համակարգչին կամ հուշարձանի կարգավիճակով տեղափոխվել է պատվավոր անկյուն՝ երեսին փակցված մի 10 տարվա վաղեմության անփոփոխ գծագրով։ Գրապահարանների պարունակությունը լրացել է նոր, արդի գրքերով եւ ամսագրերով, իհարկե, ով ունեցել է, սրբորեն պահում է ԽՍՀՄ-ում անցած դարի 80-ականներին լույս տեսած Domus-ների ռուսերեն թարգմանված համարները։ Եռանկյունաձեւ իրանով չափելու քանոն, մատիտներ, երբեմն մոխրամաններ (երևի ոչ այդքան խորը, ընդարձակ և լցված, ինչպես նախկինում): Լավ լուսատուներ և շոկոլադ: Արդյո՞ք միայն տեխնիկական առաջընթացը, նոր գործիքներն են ազդել աշխատելու միջավայրի վրա։ Եվ ինչն է փոփոխության պատճառը․ շինարարության գործընթացի կտրուկ արագացումը ու հետևաբար՝ աշխատելու ժամանակի կրճատումը, գծագրական նոր միջոցները, թե՞ ընդհանրապես ճարտարապետի դերի, պատասխանատվության և լիազորությունների փոփոխությունը։