LAYOUT Febuary 2018 #11 | Page 8

2 110 սենյակ Բարսելոնայում. ճկուն բնակելի շենք Մայոյից Մայոյի (Maio) հեղինակած այս բնակելի շենքը նախագծված է որպես 110 սենյակների համակարգ, որը կարող է օգտագործվել ըստ պահանջի։ Յուրաքանչյուր բնակարան ընդարձակվելու կամ կրճատվելու հնարավորություն ունի՝ ավելացնելով կամ հանելով սենյակներ՝ բնակիչների հետագա պահանջները բավարարելու համար։ Այս ճկունությունը նկատի ունենալով՝ սենյակները չափսերով միանման են՝ բացառելով ցանկացած տեսակի տարածական հիերարխիա և ծրագրի կանխորոշում: Յուրաքանչյուր հարկում կա 20 սենյակ, և ի սկզբանե յուրաքանչյուր հարկ բաժանված է 5-ական սենյակներից բաղկացած 4 բնակարանների միջև, որտեղ կապող տարածքը սենյակներն են, այնպես որ միջանցքի կարիք չկա: Փոքր խոհանոցը տեղակայված է մեջտեղում՝ ծառայելով որպես տարածքի կենտրոն, մինչդեռ մյուս սենյակները կարող են օգտագործվել որպես ննջասենյակ, հյուրասենյակ և այլն: Այս ճկունությունը հնարավոր է շնորհիվ լոգարանների դիրքի, որտեղ բոլոր սարքավորումները տեղադրված են որպես մատակարարման կետեր։ Առաջին հարկում իսպանական ճարտարապետական արվեստանոցը վերականգնել է Բարսելոնայի հին Էշամպլե թաղամասի սրահների ոճը. կահույքի և խոշոր բնակելի օբյեկտների միջոցով տարածքն օգտագործվում է տարբեր կիրառությունների համար: Այստեղ այդ կահույքի կտորները ընդարձակ բաց տարածության մեջ վերածվում են մարմարե ծավալների, որտեղ բառացիորեն անձրևում է՝ թույլ տալով սրահն ընկալել՝ որպես փողոցի շարունակություն։ www.domusweb.it-ից թարգմանեց՝ Անի Սմբատին