LAYOUT Febuary 2018 #11 | Page 4

1 10 ճարտարապետական արվեստանոցների տարօրինակ անունների մասին Հեղինակ՝ Օլիվիա Մալ Արվեստանոցը տնօրենի ազգանունով անվանելու դարն արդեն վաղուց անցել է։ Այսօրվա ճարտարապետներն ընտրում են այնպիսի արտասովոր ու հիանալի անուններ, ինչպիսիք են 5468796 Architecture, G///bang և Design, Bitches: Ամենատարօրինակ անվանումներով արվեստանոցներից մի քանիսը պատմեցին իրենց ընտրության մասին։ Design, Bitches 2010-ին ճարտարապետներ Քեթրին Ջոնսոնն ու Ռեբեկա Ռուդոլֆը մասնակցում էին Ճարտարապետների Ամերիկյան Ինստիտուտի լոսանջելեսյան մասնաճյուղի (AIA/ LA) հայտարարած մրցույթին, որը վիճարկում էր մասնագիտության բնույթը ռեցեսիայի խորքերում։ Այն երիտասարդ ճարտարապետներին կոչ էր անում պատասխանել «Ի՞նչ է ճարտարապետությունը» հարցին։ Ջոնսոնի և Ռուդոլֆի պատասխանը եղավ. «Դա դիզայն է, ձեր մերը» (անգլ. It’s Design, Bitches)։ Զույգը պատմեց, որ չնայած Design, Bitches-ը երբեք չէր մտածվել որպես անվանում, այն ծամոնի պես կպավ ու վերջ։ «Այն լավ խոսակցության սկիզբ է դառնում ու հիշվող է, - ասում է Լոս Անջելեսում հաստատված ճարտարապետական զույգը։ - Մեր անվանման հետ կապված միշտ դրական արձագանք ենք ստանում, մարդկանց մեծ մասը ոգևորվում է անունից ու ճարտարապետական ընկերության համար անսովոր համարում այդպիսի անունը»։ G///bang G///bang իսպանական ճարտարապետական արվեստանոցի անվան մեջ համադրված են հիմնադրի ազգանվան առաջին տառը՝ G-ն և օնոմատոպեա (բնաձայնություն)՝ bang-ը։ Այնուհետև հիմնադիր Խոսե Խավիեր Գալարդո Օրտեգան երկու մասերը տարանջատելու համար որպես «գրաֆիկական գործիք» ընտրեց 3 հատ սլեշ։ «Bang-ը օնոմատոպեա է, որը շատ տարածված է մանկական կոմիքսներում», - ասում է հիմնադիր Գալարդո Օրտեգան։ «Մենք ուզում էինք փոխանցել այն միտքը, որ ճարտարապետություն կերտելու համար պետք է միաժամանակ ավազակ երեխա ու շատ պատասխանատու մարդ լինես»։ Գալարդոն խոստովանում է, որ երբեք G///bang-ը չի դասել արտասովոր անունների շարքին, բայց վստահ է, որ այն հետաքրքրություն է առաջացնում։ «Ըստ իս, մարդկանց համար անվանումը սեքսուալի ու տարօրինակի միջև ընկած մի բան է», - հավելում է նա։