« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան համայնքում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
Շնորհավո ՜ ր Գիտելիքի օր
Հեղինակներ ՝ Գոռ Սարդարյան եւ Լենա
Ահա եւ սկսվեց նոր ուսումնական տարին ։ « Կորիզ »-ի թիմը սիրով ձեզ է ներկայացնում Գիտելիքի օրվան նվիրված բարեմաղթանքներն ու ցանկություններ ՝ Դիլիջանի դպրոցների ներկայացուցիչների կողմից ։
Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի փոխտնօրեն` Արմինե Գրիգորյան:
- Աշակերտներին մաղթում եմ, որպեսզի ոգևորությամբ սկսեն նոր ուսումնական տարին ՝ նոր գիտելիք ստանալու առումով, քանի որ գիտելիքն ամենաթանկ արժեքն է: Մարդն իր կյանքում ունեցել է շատ արժեքներ ու ձեռքբերումներ, բայց իմ կարծիքով ամենամեծ արժեքը գիրքն է ։ Եթե կա գիրք, ապա կա գիտելիք: Գիրքը և կրթությունը անքակտելի են: Ուզում եմ, որ մեր աշակերտները շատ գիրք կարդան, որ գրքին սիրահարված ապրեն, որովհետև գիրքը բացի գիտելիքից նաև ճաշակ է զարգացնում, իսկ ինչպես ասում է Հովհաննես Թումանյանը. « Ճաշակը կյանքի բույրն է »:
Թիվ 2դպրոցի աշակերտուհի` Գայանե Սարդարյան, 9-րդ դասարան
- Ինձ շատ է դուր գալիս այն դպրոցը, որտեղ ես սովորում եմ, որովհետև այնտեղ են իմ սիրելի ուսուցիչները և իմ սիրելի դասընկերները: Կցանկանամ, որ մեր դպրոցը վերանորոգվի, նոր տեսք ստանա, հնարավորինիս չափով գույքը փոխվի: Կցանկանայի աշակերտները հագնեն միանման համազգեստ: Նաև ուսման համար արդյունավետ միջոցներ ավելանան:
Դիլիջանի թիվ 4 դպրոցի տարրական դասարանի դասվար` Անի Հովհաննիսյան
- Աշակերտներին կմաղթեմ ուսման մեջ հաջողություններ, աշխատասիրություն և նպատակասլացություն: Կարողանան արժևորել աշակերտի կարգավիճակում գտնվելու կարևոր ժամանակահատվածը և կլանեն տրվող գիտելիքներն ու խորհուրդները ՝ արդյունավետ օգտագործելով իրենց ներուժը:
Թիվ 4 դպրոցի աշակերտ` Արտաշ Ռևազյան, 8-րդ դասարան
- Ինչպես ամեն ուսումնական տարի, այս տարի նույնպես ակնկալիքներս նոր գիտելիքներ ստանալն է, ինչն էլ անկասկած կդառնա նպատակիս հասնելու համար կարևոր նախապայման: Կցանկանայի, որ մեր դպրոցի մարզադահլիճը վերանորոգվեր և համալրվեր նոր մարզագույքով: Բացի գիտելիքների ձեռքբերումը, չեմ կարող չխոսել ընկերներիս ու նրանց հետ կապված տարբեր հետաքրքիր իրադարձությունների մասին, առանց որոնց չեմ կարծում, որ դպրոցական կյանքը շատ հետաքրքիր կլիներ:
Դիլիջանի թիվ 5 դպրոցի ուսուցչուհի` Աննա Անտինյան
- Այս տարի աշակերտներին կցանկանամ նոր ձեռքբերումներ, լավ սովորեն, ստանան իրենց տրվող գիտելիքները, լինեն լավ մարդ, ապագայում դառնան ազգին պիտանի մարդ: Կցանկանամ առողջություն և եռանդ: Չէ ՞ որ աշակերտներն են մեր ապագան:
Թիվ 5 դպրոցի աշակերտուհի` Մարիետա Ղազարյան, 5-րդ դասարան
Ինչպես բոլոր աշակերտների ակնկալիքները, իմ ակնկալիքներն էլ են նույնը ՝ ստանալ նոր գիտելիքներ: Կցանկանայի, որ մեր դպրոցում լինեին հետաքրքիր միջոցառումներ: Նաև կուզենայի, որ դպրոցում լիներ մարզադահլիճ, նոր գույք ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է « Scholae Mundi Հայաստան » բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ։
2