Մեկ դար անց « Ավրորա » մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները ՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը ։ Այսուհետ « Կորիզ »-ի թիմը կանդրադառնա պատմությունների, որոնք ազդեցիկ են ու ոգեշնչող, սակայն անհայտ են մնացել շատ մարդկանց համար ։ Առաջինը կներկայացնենք Ավրորայի պատմությանը, ում անվամբ էլ կոչվում է ողջ նախաձեռնությունը ։
Ավրորային համարում են Հայաստանի Ժաննա դ ' Արկը ՝ կին, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներով ՝ հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող և աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում և կինոնկարում ։
Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր ։ Նա ծնվել է 1901թ-ին Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում( այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում ։ Արշալույսը ութ երեխաներից երրորդն էր ։ Արշալույսն օժտված աշակերտ էր և խոստումնալից ջութակահար ։ Երբ վրա հասավ 1915-ի մղձավանջը, ավագ քույրը նշանված էր, իսկ եղբայրն արդեն բնակվում էր Միացյալ Նահանգներում ։
Հորն ու եղբորը սպանեցին նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ միասին բռնությամբ կցվեց դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններին ։
18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի( Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով ՝ նա, հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները ։ Հասնելով Նյու Յորք ՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք:
Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած եղբորը ՝ Վահանին գտնելու համար ։
Այս հայտարարությունները գրավում են լրագրողների ուշադրությունը ։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում « Հոշոտված Հայաստան » խորագրով գիրքը եվ վաճառվում 900,000 տպաքանակով ՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն հրատարակությունները ։ 1918 թվականին կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր
Արշալույսին ։ « Հոշոտված Հայաստան » ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ 23 նահանգներում եվ միջազգային կինորթատրոններում, իսկ ֆիլմի հասույթը ՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար Near East Relief-ի միջոցով ուղղվեց հայ որբերի կարիքներին ։ Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտնում բեմ ելնելու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև ։ Սակայն նյարդային նման գերլարումն անհետևանք չանցավ ։ 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց եղավ և ընդմիշտ հրաժարվեց հրապարակային ելույթներից ։ Ավրորան վերադարձավ Նյու Յորք և 1929 թ. ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ ։ 1931 թ. ծնվեց նրանց որդին ՝ Միքայելը ։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չհաջողվեց. եղբորը նա այդպես էլ չգտավ, փորձեց ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց որդու հետ կապը ։
Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Իր կյանքն ապրել է ՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մեջ այլոց օգնելու համար:
Ավրորա Մարդիգանյանին մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի, ծանրագույն տառապանքների գնով աշխարհին փոխհատուցելու կարողության շնորհիվ ։
Հոդվածը պատրաստեց Դավիթ Հովակիմյանը
* Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: