Books Կանաչ առավոտը | Page 3

- Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։ Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ... ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։ - Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։ Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։ - Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։ - Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։ Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։ Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։ ... Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնվա ծ հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։ Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։ Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։ Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։ 3