Books Կանաչ առավոտը | Page 2

Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառպատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։ Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը... Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից... Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում... Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա... Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։ Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում... - Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած...– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։ Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։ - Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։ Կրակը ճայթյուն արձակեց։ - Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։ Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վա