Այ թե պոկ չի գալիս, բախում է ու բախում։ Տիկին Թթթ֊ն բարկացած բացեց դուռը։
— Դե՞, ի՞նչ կա։
— Դուք անգլերենն եք խոսում,— մուտքի մոտ կանգնածը անակնկալից սառեց։
— Խոսում եմ, ինչպես կարողանում եմ։
— Մաքուր անգլերեն է։
Մարդը ինչ֊որ համազգեստ էր հագել։ Նրա ետեւում կանգնած էին էլի երեք հոգի։ Բոլորն էլ
նկատելիորեն հուզված էին, դեմքները փայլում էին։
— Ի՞նչ եք ուզում,— կտրուկ հարցրեց միսիս Թթթ֊ն։
— Դուք մարսեցի եք,— մարդը ժպտաց։— Այդ բառը ձեզ իհարկե անծանոթ է, այդպես են ասում
մեզ մոտ, Երկրում։
Նա ցույց տվեց ուղեկիցներին։
— Մենք Երկրից ենք։ Ես նավապետ Ուիլյամսն եմ։ Ընդամենը մի ժամ առաջ ենք վայրէջք
կատարել Մարսի վրա։ Երկրորդ արշավախումբն ենք։ Մեզնից առաջ առաջինն է ժամանել, բայց
նրանց ճակատագիրը մեզ անհայտ է։ Համենայն դեպս մենք եկել ենք։ Եվ դուք առաջին մարսեցին
եք, որին տեսնում ենք։
— Մարսեցի՞,— նրա հոնքերը վեր թռան։
— Ուզում եմ ասել, որ դուք ապրում եք Արեգակից հաշված չորրորդ մոլորակի վրա։ Այդպե՞ս է…
— Տարրական ճշմարտություն է,— փնչացրեց կինը, ոտքից գլուխ նրանց չափելով։
— Իսկ մենք,— Նա ձեռքով խփեց կրծքին,— Երկրից ենք։ Ճի՞շտ է, տղաներ։
— Այդպես է, հրամանատար,— ձայնեց խումբը։
— Սա Թիր մոլորակն է,— ասաց կինը,— եթե ուզում եք ստույգ անունն իմանալ։
— Թիր, Թիր,— հրամանատարը հոգնած ծիծաղեց,— հիանալի անուն է։ Բայց ասացեք, ով բարի
կին, ինչպե՞ս է, որ դուք այդպես հրաշալի անգլերեն եք խոսում։
— Ես չեմ խոսում,— ասաց կինը,— ես մտածում եմ, հեռազգացություն է։ Ձեզ ամենայն բարիք եմ
մաղթում։
Եվ նա շրխկացրեց դուռը։
Մի վայրկյան անց այդ սարսափելի մարդը նորից ծեծեց դուռը։ Կինը սրտնեղած բացեց։
— Ուրիշ ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա։
Տղամարդը կանգնած էր նույն տեղում, ժպտում էր, բայց շփոթահար էր, դեմքին չկար առաջվա
վստահությունը։ Նա ձեռքը պարզեց կնոջը։
— Ինձ թվում է դուք ամեն ինչ չէ, որ հասկացաք…
— Ի՞նչ,— ընդհատեց նա։
Տղամարդու աչքերը զարմանքից կլորացան։
— Մենք թռել եկել ենք Երկրից։
— Ես ժամանակ չունեմ,— ասաց նա,— հազար ու մի գործ կա՝ եփ ու թափ, մաքրել, կար ու էլի
չգիտեմ ինչ։ Ձեզ երեւի հարկավոր է միստր Թթթ֊ն։ Նա վերեւում է, իր աշխատասենյակում։
— Այո, այո,— ասաց երկրացին՝ աչքերը թարթելով։— Աստծո սիրուն, կանչեք միստր Թթթ֊ին։
— Նա զբաղված է,— կինը նորից շրխկացրեց դառը։
Այս անգամ թակոցն արդեն բոլորովին անհարկի էր։
2