Arxangelo ԵՐԲ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱՐԵՎՆ ԸՆԿՂՄՎՈՒՄ Է ԾՈՎԻ ՄԵՋ | Page 4

*** Արագությունը անչափ մեծ էր, իսկ թունելը, որով սլանում էր նա՝ անվերջանալի երկար: Չնայած նրան, որ հեռվից նշմարվում էր պայծառ լույսը, այնուամենայնիվ, թվում էր՝ այդ լույսին հասնելու համար դեռ երկար ճանապարհ էր պետք անցնել: Թռիչքը թեթև էր, սահուն և արագ: Հանկարծ հեռվի այն պայծառ լույսը, դեռ թունելի կեսին չհասած, անսպասելիորեն պարուրեց նրան: Լույսի պայծառությունից մի պահ աչքերը կուրացան: Որոշ ժամանակ անց, մի կերպ կկոցելով, բացեց աչքերը: Նա քար կտրեց տեղում: Ապշահար շուրջ բոլորն էր նայում: Ամեն ինչ լուսավոր էր, ամեն ինչ լույսից էր և չկար ոչինչ՝ բացի լույսից: - Այս որտե՞ղ եմ ես, - շշնջաց և դեռ չավարտած խոսքը՝ ետևից լսվեց մի երգեցիկ ձայն, – Սա քավարանն է՝ դժողք կամ դրախտ տանող ճանապարհի բաժանարարը: Շրջվելով նկատեց, որ իր դիմաց կանգնած է մի լուսե էակ, որի լուսեղենության պատճառով չէին նշմարվում դիմագծերը: Եվ այդ լուսե էակից զարմանալի կերպով կարծես խաղաղություն ու հանգստություն էր ժայթքում: - Դու հրեշտա՞կ ես, - հարցրեց նա: 4