Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 35

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Հեռվից երևում էին ձորում կրակե լեզուները, որ լուսավորում էին ձորն ու մայրուղին: Մեկ կիլոմետր հեռավորության վրա, մեքենան դուրս եկավ մայրուղուց ու սկսեց ընթանալ ոչ ասֆալտապատ ճանապարհով: Մի քանի րոպե անց, նույն ոչ ասֆալտապատ ճանապարհից մայրուղի դուրս եկավ մեկ այլ մեքենա, ետևում թողնելով ճանապարհի հանդիպակաց հատվածում կայանած տասնյակ մեքենաների շարասյունը: Փոխվել էր մեքենան, բայց ուղևորները նույնն էին մնացել... *** Անին ու Սարգիսը դուրս եկան փոսից, երբ բավական մթնել էր: Ամբողջովին թրջված ու ցեխոտված հագուստն ու թաց հողը դժվարացնում էին վազելը, իսկ նրանք գրեթե քառասուն րոպե պետք է քայլեին մինչ հասնեին մեքենային: Այնքան ցուրտ էր, որ աչտաշնչելիս գոլորշին ծխի պես դուրս էր գալիս նրանց բերաններից: Նրանք բետոնե դամբարանում ավելի քան չորս ժամ էին անցակցրել: ―Ուշադիր եղիր, նման փոսեր կարող են լինել ցանկացած տեղ: Եվս մեկ նման սենյակում հայտնվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ,― շնչակտուր, գրեթե գոռալով զգուշացրեց Սարգիսը: Երբ խավարն անթափանց դարձավ, Սարգիսն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը: Այն ամբողջովին թաց էր, բայց ի ուրախություն նրանց, աշխատեց: Հորդառատ անձրևը սրբել էր ամեն ինչ: Նույնիսկ արահետը չէր երևում: Նրանք միայն իջնում էին լանջով, չիմանալով անգամ ճիշտ ուղղությամբ են շարժվում, թե ոչ: Սարգիսը շուտ-շուտ սրբում էր ճակատից հոսող արյան բիծը, որպեսզի Անին հանկարծ չնկատի այն: 35