Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 28

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Նյարդերը գերլարված էին, բայց պետք էր մի փոքր հանգստանալ ու հասկանալ ինչ պետք է անել հետո: Միացրեց ռադիոն: «Հայաստանում ժամը տասնինն է,― լսվեց ռադիոընդիչի ձայնը,― և մեր եթերում լուրերի թողարկումն է: Այնուհետև կարճ ազդանշանից հետո, որն ազդարարում էր լուրերի թողարկման սկսվելը, լսվեց վարողի ձայնը: «Այս պահին ամենաթարմ լուրերը մեր եթերում: Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, այսօր ժամը տասնչորսի սահմաններում հոսպիտալացվել է Լոռու մարզպետ Վարդան Գևորգյանը»... Խաչիկը գլխին մուրճի մյուս հարվածն ստացավ ասես ու այնպես արգելակեց, որ ետևից ընթացող մեքենան քիչ մնաց հարվածեր իր մեքենային: Ետևից ընթացող մեքանայի վարոդը շրջանցեց ու շարունակեց երթը: Խաչիկին թվաց հիմա վարորդը ինչ լուտանք ասես կթափի իր գլխին ու տեղին կլինի, բայց մեքենան շարունակեց գնալ առանց կանգառի: «...Մեր թղթակցին հաջողվել է պարզել,―շարունակում էր եթերը ռադիոհաղորդավարուհին,― որ պատճառը սրտամկանի կաթվածն է: Վարդան Գևորգյանն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»: Այս լուրն իսկապես ցնցեց գյուղապետին: Մնում էր մի ելք միայն, կապվել մարզի ոստիկանապետի տեղակալի, իր վաղեմի ընկերոջ հետ, ում կարող էր վստահել: Հուզմունքից մեծ դժվարությամբ կարողացավ բջջայինը գրպանից հանել, որի էկրանը ցույց էր տալիս ութ բաց թողնված զանգ: Առանց նայելու, թե ո՛վ է զանագահարել, սկսեց փնտրել Արմանի հեռախոսահամարը: Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: Վերջապես լսվեց Արմանի ձայնը: 28