Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 65

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ Բժիշկը հասկացավ Վահրամի միտքը: Երբ նրանց միացավ Վահրամի մայրը, բժիշկը ներողություն խնդրեց ու հեռու գնաց: Մոր աչքերում արցունքի կաթիլներ կային: -Ներիր, մայրի՜կ, - ասաց Վահրամն ու գրկելով մորը` շշնջաց. Սիրի՛ր նրան այնպես, ինչպես ինձ, որովհետև ես ապրելու եմ նրա սրտի փոխարեն: Սրտի բաբախյունն իմն է լինելու... *** Վահրամն այդ օրն այլևս ոչ մեկի հետ չէր ցանկանում խոսել: Արփիին տեսակցության գնալուց հետո մի տեսակ խոսելն էլ չէր գալիս: Նա չի իմանա մինչև վիրահատությունը, իսկ հետո՞, երբ իմանա, որքա՜ն ծանր կլինի նրա համար: Բայց կհասկանա: Եթե կա հույս, եթե կա հնարավորություն, ուրեմն պետք է փորձել: Այս կյանքը մեզ համար գոյություն ունի քանի դեռ մենք կանք այստեղ, իսկ առանց մեզ` այն կմնա միայն ուրիշների համար: Իսկ մահից հետո՞: Հավատա՞լ, որ ամեն մի վերջ ինչ-որ մի նորի սկիզբն է: Վահրամը քմծիծաղ տվեց: Գուցե ճշմարտության կաթիլ կա այստեղ, քանի որ դժվար է հավատալ, որ մահով ավարտվում է ամենը: Աչքերի առաջ նորից մանկությունն էր: Երբ փոքր էր, հաճախ էր դիտում` ինչպես է Արևը մայր մտնում: Երկնակամարը գունավորվում էր վառ կարմիր գույնով, իսկ հորիզոնում արևի սկավառակը հետզհետե անհետանում էր՝ իր հետ տանելով օրը: Օրը մահանում էր, Արևը գնում, բայց միայն նրա համար, որ նորից վերադառնա առավոտյան, ժպտա ու լուսավորի: Ոչինչ չի ավարտվում հենց այնպես ու հենց այնպես չի սկսվում: Ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Կյանքը մի ուղի է, որ բաղկացած է ակնթարթներից ու վայրկյաններից: Նրանք անվերջ շտապում են, գալիս են ու գնում, բայց երբեք կանգ չեն առնում: Վահրամը վեր կացավ: Գոռը մոտեցավ, որ օգնի եղբորը: 67