Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք դեպի
ամրոց: Դիտարժան տեսարան էր, և շուրջը մի այնպիսի
քար լռություն էր տիրում, որ կարծես լսվում էին հին
ժամանակներում այստեղով անցած ձիերի սմբակների
դոփյունները: Մառախուղը տեղ-տեղ թանձրանում էր,
հատկապես՝ ճանապարհի այն հատվածում, որը հետզհետե
բարձրանում էր ու կարծես մխրճվում լեռնալանջերով
շրջապատված հորիզոնի մեջ: Իմաստուն լեռները և
անխռով բլուրները, որոնք երիզել էին ճանապարհը, մի
ընդհանուր կտավի գլխավոր հերոսներն էին, նրանցից
բացի շուրջը գրեթե ոչինչ չկար: Ճանապարհի եզրերի
ուղղահայաց սյուները կարծես միջնադար տանող «ցուցանակներ» լինեին, իսկ լեռնալանջերը ողողած կանաչ
թփուտները՝ այդ ճանապարհով անցածների «արկածների»
վկաները: Ճանապահի երկու կողմերում տեղ-տեղ
քարաժայռեր էին, որոնք ասես կախել էին գլուխները և
փորձում էին ականջ դնել, թե ինչ են շշնջում անցորդները:
Մեր մեքենան, արհամարհելով այդ քարաժայռերի «հետաքրքրասիրությունը», շարունակում էր ընթանալ առաջ:
Ժայռոտ բլրակների վրա նշմարվում էին քարանձավներ,
ձեռակերտ էին դրանք, թե բնության արարչագործության
արգասիք՝ դժվար էր կռահել ընթացքի մեջ: Ամեն դեպքում,
այդ քարանձավներն ստեղծում էին մի խորհրդավոր
տրամադրություն: Միևնույն ժամանակ դրանք շեղում էին
գլխավոր տեսարանի սպասումից, և մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե այնտեղ, առջևում ոչ մի բան էլ չկա,
թե այնտեղ՝ ճանապարհի վերջում, ամրոց գոյություն չունի:
Ահա այդպիսի լռություն ու խաղաղություն էր տիրում շուրջը,
և դա ստիպում էր կենտրոնանալ շրջապատող լեռնալանջերի վրա՝ մտքից հանելով գլխավոր նպատակը: Սակայն
12
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ