Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 3

– Վա՛յ, ցավդ տանեմ, բալե՛ս, բալե՛ս ա եկել, մաման մեռնի ջանիդ, – գոչեց ուրախացած մայրս ու փարվեց ինձ: Ես դռան շեմից առաջ գալով՝ անմիջապես գրկեցի մորս, ամուր գրկեցի: Ո՛նց էի կարոտել, երկու տարի ու վեց ամիս չէի տեսել նրան, չէի տեսել հորս, մեր ընտանիքի բոլոր անդամներին, բարեկամներին: Վերադարձել էի Ռուսաստանից, որտեղ ծառայում էի: Բացակայությունը երկար էր, անգամ նամակ չէի գրել, մտածում էի՝ կանցնի ժամանակն ու տուն կգնամ, սակայն այդ ժամանակը երկար տևեց, շատ երկար: Ինչևէ, բարեհաջող հասել էի Երևան, իմ քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել էի: Սիրտս թպրտում էր, իսկ երբ մորս գրկեցի, կրծքավանդակովս ՙլսեցի՚ նաև նրա սրտի ուժգին ու ուրախալի բաբախումը: Ես տանն էի, մորս գրկում, մեր տան պատերի ներսում: Ո՛նց էի կարոտել, այդքան երկար ժամանակ չէի տեսել, ու ահա ես տանն եմ: – Մամ ջան, բա պապան ո՞ւր ա, – հարցրեցի, – տանը չի՞: – Չէ, բալես, պապադ գործի ա, էսօր լավ խառն էր, մինիստրների նիստ էր: Հայրս Չարբախի դաշնամուրի գործարանի մոտ իր սեփական գործարանն ուներ, հարուստ գործարար էր, անուն ունեցող ու հարգանք վայելող մարդ: Մայրս անգամ նրան անուն-հայրանունով էր դիմում, ոչ թե վախից կամ ստիպողաբար, այլ ուղղակի իրենց համատեղ կյանքի ընթացքում միշտ լսել էր, թե ինչպես են ամուսնուն անուն-հայրանունով դիմում, և ահա այդպես դիմելն էլ դարձել էր յուրատեսակ մի սովորություն: Մայրս ասաց, որ պետք է անմիջապես զանգել հորս ու տեղեկացնել, որ եկել եմ, հայրս շատ կուրախանա: Սակայն ես կամեցա, որ իմ գալուստը անակնկալ լինի, դրա համար հարցրեցի. – Մամ ջան, պապան ՙպադավատո՞վ՚ ա գնացել: – Հա բալես, ի՞նչ կա: – Մեր մեքենան տանն ա՞: – Հա: – Մամ, էդ դեպքում, ես արագ նստեմ գնամ իրա մոտ, թող սյուրպրիզ լինի: Առլեն Շահվերդյան. «Այնքան երջանիկ, որքան հիմա»: © Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014: 3