հայուհի 7/8 2024 83 | Page 21

# հայկական հետք

Շառլ Ազնավուր

Թարգմանությունը ՝ Նարինե Հակոբյանի
Emmenez-moi / Տարեք ինձ …
Տախտակամածին , ուր ժամ ու թախիծ կքել են մեջքը մեր , Այցի են գալիս նավերը կրկին Կոնքերը լիքը բեռնած մրգերով :
Այցի են գալիս հեռուներից նրանք Շրջմոլիկ մտքեր բերելով միշտ մեզ , Գծելով երկնի քարտեզը կապույտ , Պայծառ , վաղանցիկ տեսիլքներ անկեղծ :
Նավերն են տանում հավերժ ամառվա , Ծորացող բույրը անուշ պղպեղի անծանոթ երկրից , Ուր որ ապրում են համարյա միշտ մերկ Դեղին ավազի երկարուկ ափին : Ողջ կյանքս անցավ , ու իմացա ես Հյուսիսի մռայլ կամարները գորշ , Ուզեցի ջնջել , մաքրել վերստին Շրջելով ղեկի անիվը հզոր :
Տարեք ինձ եզրը մեծ ճանապարհի , Տարեք ինձ երկիրն իմ անուրջների , Այնտեղ թվում է , թե թշվառները Հավերժ տենչում են արևի գիրկը :
Բառի ձանձրույթում , ուր օրն էր մեռնում , Տվայտանքն անկոտրում նավաստու տեսքով Ու գինու բույրով բաժակը ձեռքին Խոսում էր սիրուց , կանանց բույրերից :
Կորչում է հանկարծ սթափ միտքս անքուն . Հանկարծ ուղեղս կրկին արթնանում , Տանում է իր հետ ու հանգրվանում Հրաշք ամառվա փափուկ ափերին :
Ու ես ուզում եմ պարզած ձեռքերով Վազել ընդառաջ սիրուն խելագար , Ու գիրկը ընկնել , փաթաթվել ամուր , Փայփայել , շոյել երազս պայծառ :
Հանգչում են բառի լույսերը աղոտ , իրիկնաժամ է . Հոգնած նավաստին հանգրվանում է նավի բազրիքին , Իսկ ես վերստին , կրկին ու կրկին , Անշարժ կռթնել եմ կառամատույցին Ու երազում եմ մինչև լուսաբաց :
Տարեք ինձ եզրը մեծ ճանապարհի , Տարեք ինձ երկիրն իմ անուրջների , Այնտեղ թվում է , թե թշվառները Հավերժ տենչում են արևի գիրկը :
Հաճելի մի օր կանգնած մատույցին , Ճարճատող փայտե կառամատույցին , Կարծեցի , որ պետք է աշխատեմ անխոնջ , Ուզեցի մեկնել , գտնել վերստին , Գրկել մանկական իմ երազները , Գտնել հեռավոր կղզիներ կորած , ուր չկա ոչինչ , դա կարևոր չէ , Որ կարևորը կյանքի իմաստն է :
Ու ինձ ասացին , որ աղջիկներն են Սեթևեթելով գողանում սրտեր , հյուսում մանյակներ ծաղկաբույլերով , Արբեցնող մտքեր բերելով անկեղծ :
Ու ես կփախչեմ ՝ Թողնելով լքված իմ անցյալը ողջ , Առանց խղճմտանք ու առանց լացի , Սիրտս վեր պահած բարձր երգելով …
Տարեք ինձ եզրը մեծ ճանապարհի , Տարեք ինձ երկիրն իմ անուրջների , Այնտեղ թվում է , թե թշվառները Հավերժ տենչում են արևի գիրկը :
23