Աշուն. գաթայի փառատոն
Աշուն. Արենի գինու փառատոն
Եթե կա հայկական որևէ ուտելիք, որն արժանի է ունենալու իր սեփական փառատոնը, գաթան է՝ խորիզով լցոնված քաղցր թխվածքը: Խաչիկ գյուղը հյուրընկալում է այս համեղ քաղցրեղենին նվիրված տոնակատարությունները 2014 թվականից առ այսօր: Երգ, պար, բացօթյա ներկայացումներ, տաղավարներ, որտեղ վաճառում են տեղական պատրաստության գաթա, ինչպես նաև այլ մթերք, օրինակ` արիշտա, և ձեռագործ աշխատանքներ: Ո՞րն է փառատոնի յուրահատկությունը աշխարհի ամենամեծ գաթան`2,5 մետր (8 ոտնաչափ) շրջագծով: Քաղցրակե՞ր եք, անպայման մասնակցեք այս միջոցառմանը սեպտեմբերի վերջին հանգստյան օրերին:
2009 թվականից սկսած` ամեն տարի Արենի և հարակից Ռինդ գյուղերը գրավում են գիտակների ուշադրությունը, որոնք ցանկանում են մասնակցել տարածաշրջանի գինեգործական հնագույն ավանդույթների վերազարթոնքին: Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին տեղական մթերքի և խմիչքի մրցույթներով Ռինդում մեկնարկում է Արենի գինու փառատոնը: Հաջորդ օրը փառատոնը մեծ շուքով շարունակվում է Արենիում, որտեղ տնական գինի պատրաստողները և գինու արտադրությամբ զբաղվող տեղացի մեծ ընկերությունները համտեսման տաղավարների մոտ իրենց գինին են հրամցնում փառատոնի հյուրերին և մասնակիցներին: Վերջիններս կարող են նաև համեղ սնվել, երգել ու պարել, հուշանվերներ գնել, անգամ թռչնասլաց բարձրունքում ճախրել օդապարիկով: Չմոռանա՛ք մեկնելուց առաջ միանալ շուրջպարին՝ լիովին զգալու Արենիի ոգին կամ լցվելու փառատոնի էներգիայով մինչև հաջորդ տարի:
Լուսանկարը՝ Սուսաննա Սաֆարյանի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ
Հատուկ շնորհակալություն «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանին այս գլխի նյութերը տրամադրելու համար:
Վայոց ձոր. սեզոնային փառատոներ