99
Քարահունջ կամ Զորաց քարեր
Մեգալիթյան հուշարձանների եզակի համալիր է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում հայտնաբերված Քարահունջը (նաև՝ Զորաց քարեր), որը բաղկացած է կանգուն վիճակում գտնվող հարյուրավոր մեծ քարերից: Հուշարձանի նշանակության և թվագրության վերաբերյալ դեռևս միասնական կարծիք գոյություն չունի։ 1980 թ. պեղումներից սկսած՝ Քարահունջը ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է: Հուշարձանի մոտակայքում կատարվել են պեղումներ: Ըստ հայ նշանավոր և բազմավաստակ գիտնական Պարիս Հերունու (1933-2008 թթ.) առաջադրած վարկածի՝ Քարահունջի աստղադիտարանը հիմնադրվել է 7500 տարի առաջ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն դամբարաններ ու բնակավայր, որոնք թվագրվել են Ք.ա. 3-2-րդ հազարամյակներով: Ենթադրվող ժամանակաշրջանները տատանվում են` սկսած 7500 տարի առաջվանից (Ք.ա. 6-1-ին հազարամյակներ) մինչև Բրոնզի դարի սկիզբը (Ք.ա. 2-րդ հազարամյակ)։ Հայտնաբերվել են նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ, և որոշվել է նրանց ճշգրտությունը: Այդ քարերից շատերը վերին մասում ունեն կլոր անցքեր, որոնք օգտագործվել են աստղերը դիտելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Քարերը աստղագետներին կարևոր տեղեկություններ են հայտնել տիեզերքի մասին: Քարահունջը նաև կրթական կենտրոն է եղել: Ըստ Պարիս Հերունու` Քարահունջը ունեցել է երեք գործառույթ` Հին Հայաստանի գլխավոր աստված Ար-ի (արև) ու նրա քարտուղար, գիտության, գրի և արվեստի հովանավոր Տիր աստծո տաճար, մեծ ու զարգացած աստղադիտարան և համալսարան: Քրիստոնեության տարածման վաղ շրջանում Զորաց քարերից շատերի վրա փորագրվել են խաչեր, մի մասը լիովին վերածվել է փորագրազարդ խաչքարերի, և միայն դրանց վրայի կլոր անցքերն են վկայում նախնական նշանակության մասին։