ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 51

51

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Շաքիի (նաև՝ Շաքեի) ջրվեժը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքից հյուսիս-արևմուտք՝ Որոտանի կիրճում: Տեղանքը հարուստ է ժայռերով և քարայրերով, որտեղ հայտնաբերվել են Պալեոլիթի ժամանակաշրջանին վերաբերող մարդու գործունեության հետքեր և աշխատանքային գործիքներ: Շաքիի ջրվեժն իր անունը ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքեի: Համաձայն ավանդության՝ մի զավթիչ, տեսնելով Շաքի անունը կրող մի աղջկա գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Շաքին, չկամենալով ենթարկվել զավթիչին, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որն անվանվում է Շաքիի ջրվեժ։ Ջրվեժի հետ կապված ևս մեկ հետաքրքրական ավանդություն կա: Ըստ այդ ավանդության՝ Գեղարքունիքի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկվում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այնտեղ, աղջիկները մտածում են փախչել. նրանք դիմում են իրենց առևանգիչներին, որ գետում լողանան, քանի որ կեղտոտվել են: Առևանգիչները համաձայնում են. աղջիկները նետվում են Որոտանի ալիքների մեջ և անհետանում: Միայն Շաքի անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Առևանգիչները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքիին: Դրանից հետո այդ ջրվեժը կոչվում է Շաքիի ջրվեժ: