ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ | ARMENIAN PHILANTHROPISTS OF THE WORLD | Page 6

Նախաբան
Հարգելի ՛ ընթերցող , Մեծ սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի հայ բարերարներին նվիրված գիրքը : 13 տարի շարունակ Վիվա-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան ընթերցողի դատին են հանձնել աշխարհի հայերին նվիրված գրքեր : Այս տարիների ընթացքում լույս են տեսել « Աշխարհի հայկական հուշարձանները » քառահատոր հրատարակությունը , աշխարհի հայ երաժիշտների , նկարիչների , կինոգործիչների , ինչպես նաև աշխարհի հայ ազդեցիկ կանանց նվիրված երկհատորյակները : Աշխարհի հայ բարերարներին նվիրված այս հրատարակությունը տրամաբանական շարունակությունն է hայ ազդեցիկ կանանց նվիրված նախորդ երկու հատորների . աշխարհի հայ բարերարները ՝ որպես բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հայ տղամարդիկ : Հայ բարերարները միշտ կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին , իրականացրել տարբեր բարեգործական ծրագրեր Հայաստանում , Արցախում և աշխարհի տարբեր ծայրերում : Ամբողջ աշխարհում կարելի է տեսնել եկեղեցիներ , դպրոցներ , մշակութային կենտրոններ , հայկական բազմաթիվ այլ կառույցներ և հուշարձաններ , որոնք կառուցվել են հայ բարերարների միջոցներով : Նրանցից ամենահայտնի և ազդեցիկ բարերարներին կանդրադառնանք այս գրքում : Նրանք հայտնի են և մեծ համբավ ու հարգանք են վայելում ոչ միայն հայության շրջանում , այլ նաև այն երկրներում , որտեղ ծավալել են իրենց գործունեությունը : Այսպես , Պորտուգալիայի պատմության մեջ ամենահայտնի մարդկանցից է Գալուստ Գյուլբենկյանը , որի անունը կրող հիմնադրամն ու թանգարանը երկրի խոշոր կառույցներից են : Մինչ օրս Հոնկոնգում բազմաթիվ փողոցներ , շինություններ և հաստատություններ կոչվում են Փոլ Չաթերի անունով : Նշանակալի է Մանթաշյանցի և Արամյանցի ժառանգությունը Վրաստանում և Ֆրանսիայում : Անդրադարձել ենք նաև հայ իրականության առաջին խոշոր համահայկական կառույցի ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբարին , հետագայում նրա գործը շարունակած Ալեք Մանուկյանին , հայ բարերարության ամենահայտնի ու ազդեցիկ տոհմին ՝ Լազարյաններին : Գրքում տեղ են գտել նաև Հայաստանի Հանրապետության անկախացման գործում մեծ ավանդ ունեցած Քըրք Քըրքորյանը և Երևանի կենտրոնին հատուկ հմայք և եվրոպական շունչ հաղորդած Ջերարդ Գաֆեսճյանը : Շառլ Ազնավուրին ևս ներկայացրել ենք այս հատորում , քանի որ նա եղել է նաև խոշոր բարերար : Մեր նախորդ հրատարակություններից երկուսում արդեն անդրադարձել ենք Ազնավուր երաժշտին և կինոգործչին , այստեղ կներկայացնենք նրա բարեգործական ծրագրերը : Համահայկական աշխարհագրական ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Վիվա- ՄՏՍ-ին և անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանին : Այս համագործակցության շնորհիվ տարիներ շարունակ մենք հայաստանյան և սփյուռքահայ հանրությանը ներկայացրել ենք աշխարհի անվանի հայերին և նրանց թողած հսկայական ժառանգությանն ամբողջ աշխարհում :
Մաղթում ենք հաճելի ընթերցում :
Համահայկական աշխարհագրական ասոցիացիա Երևան , 2022 թ .
6