TFA_annual_2023_arm_web | Page 17

15
Ես Նարե Բադասյանն եմ Արցախից , իմ մեջ մարմնավորում եմ հայկական բնությունն ու ոգին ՝ ապրելու և արարելու համար : Ես Սյունիքի մարզի Տեղ գյուղ տեղափոխվեցի Արցախի Աղավնո քաղաքից դեռ 2022 թվականի օգոստոսին ( երբ հայկական մի քանի գյուղեր հանձնվեցին Ադրբեջանին )՝ թողնելով սիրտս , միտքս , հիշողություններս և Աղավնոն ավելի լավ տեղ դարձնելու երազանքս ։
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ն էր , որ շունչ հաղորդեց իմ երազանքներին , մասնավորապես ՝ տիկին Նինա Շահվերդյանի ՝ անգլերենի մեր նվիրյալ Ուսուցիչ-Առաջնորդի օրինակելի կերպարը : Տիկին Շահվերդյանի Աղավնո գալը զգալիորեն փոխեց մեր դպրոցը ։ Բացի ակադեմիական հարստացումից , որը նա բերեց մեր ուսումնական ծրագիր , նա մեզ սովորեցրեց հավատալ դրական փոփոխություններ իրականացնելու մեր հավաքական ուժին : Տիկին Շահվերդյանն օգնեց մեզ հասկանալ և արժևորել ինքներս մեզ , մեր շրջապատը և մեր համայնքի ուժեղ կողմերը , սովորեցրեց դրսևորել համբերություն , պատասխանատվություն և ստեղծագործական մոտեցում մեր գյուղի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում : Երբ մեր թիմային աշխատանքի հմտությունները զարգացան , նոր և հետաքրքիր հնարավորություններ հայտնվեցին : Տիկին Շահվերդյանի հետ սկսեցինք կրթական և մշակութային մի նախագիծ , որը մեզ տարավ Ստեփանակերտ և Երևան ՝ հարստացնելով մեր փորձը և խնդիրների լուծման հմտությունները ։
44-օրյա պատերազմից ի վեր մենք անընդհատ բախվում էինք Արցախում տարբեր դժվարությունների ՝ էլեկտրաէներգիայի անջատումներ , ջրի անջատումներ , հաճախակի լսվող կրակոցներ , հոգեբանական ճնշում և տունը կորցնելու վտանգ ։ Չնայած այս դժվարություններին ՝ մենք կարողացանք պահպանել դիմակայունությունն ու հաղթահարելով մարտահրավերները շարունակել մեր կրթական ուղին ու առօրյա կյանքը :
2023 թվականի սեպտեմբերին սկսված Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը մեր աշխարհը գլխիվայր շուռ տվեց ։ Միշտ հույս ունեի , որ Արցախում մնացած ընկերներս , դասընկերներս , ուսուցիչս կապրեն ազատ , ապահով ու խաղաղ Արցախում ։ Այդ ծանր օրերը հիշեցրին Աղավնոյից հեռանալուս վերջին օրվա հիշողությունները , երբ ես երկար նայում էի մեր դպրոցին և մեկ առ մեկ քնքշորեն համբուրում էի դասարանիս պատերը ։ Ամեն համբույրով ես թողնում էի սրտիս մի հատվածը , ամեն հրաժեշտից սրտիցս արյուն էր գնում …
Տարեկան հաշվետվություն 2023

15