LAYOUT June #2(14) | Page 5

2. Տեղակայված լինելով զբոսայգում ՝ քաղաքի ամենակենտրոնում, այս շենքը օդի նման է: Մոդեռնիստական ճարտարապետության դասական օրինակ է: Այն, ուղիղ իմաստով, ձգում է քեզ դեպի իրեն: Սպիտակ, լակոնիկ, կոմպակտ … կատարյալ: Այս շենքը ինչ-որ փոքր գազանիկ է հիշեցնում: Ուզում ես նրան գրկել, փայփայել, խոսել նրա հետ: Այն չափազանց փխրուն է թվում: Աչք չի ծակում, բայց միևնույն ժամանակ անհնար է չնկատել նրան: Կարծում եմ դա կատարյալ մասշտաբից է: Չկան առանձին ճակատային լուծումներ, սա ծավալի ճարտարապետություն է: Ուզում ես շրջանցիր, ուզում ես բարձրացիր տանիքին և նայիր ներս … դոմինանտների բացարձակ բացակայություն: Կարծում եմ հենց սա է հավերժական ճարտարապետությունը:
Վիպուրի գրադարան, Ալվար Աալտո Արմինե Սնխչյան
3. Երբ երեկոյան գալիս էիր օդանավակայանից Երևան Հաղթանակ կամրջով, գինու գարծարանի դիմաց ճանապարհը տանում էր ձախ ՝ գետնի տակ ։ Երբեք չեմ մոռանա այն զգացողությունները, որոնք ապրել եմ ամեն անգամ, երբ մեքենաները, անցնելով ստորգետնյա հատվածը, դուրս էին գալիս անմիջապես Մաշտոցի պողոտա ՝ Փակ շուկայի առջև ։ Այնպիսի տպավորություն էր, թե հեքիաթային դարպասների միջով կարողանում ես ակնթարթորեն հատել տարածությունը և հայտնվել միանգամից քաղաքի սրտում ՝ առանց արվարձաններով անցնելու ։ Մեկ վայրկյանում ամեն ինչ փոխվում էր ՝ ձայները, լույսը, հոտը, մարդիկ ։
Անցում Արսեն Կարապետյան
4. Երբ Միսաք Խոստիկյանին կարդացի Փիթեր Զումթորի գրքից հատվածը դռան և միջանցքի մասին, նա հիշեց Ֆրանսիայի հարավում գտնվող Դրոմ նահանգի Դի քաղաքի տներից մեկը, որտեղ ապրել էր որոշ ժամանակ ։ Դին դարերից եկած փոքրիկ, հին քաղաք է ։ Տունը, որտեղ ապրում էր, տարօրինակ ձևավորում ուներ ։ Պարզ է, որ հին քաղաքը կանոնավոր գոտևորում չուներ, տարօրինակ քաոտիկ քաղաք է ՝ բնական սպոնտան զարգացած ։ Տունը այնպես էր ստացվել, որ հայտնվել էր շատ երկար կույտի, կառուցվածքի մեջ. մի ծայրը մի փողոց էր դուրս գալիս, իսկ մյուսը ՝ լրիվ հակառակ ։ Այն ուներ երկու-երեք սենյակ և բոլոր սենյակները իրար միացնող մեկ միջանցք ։ Ինչպե ՞ ս էր դա առաջացել. հավանաբար սենյակների անհավասար բաժանումից ։ Առավոտյան արթնանալիս սենյակից սենյակ անցնելու համար պետք էր անցնել այդ աղիքի նման երկար ծուռումուռ միջանցքը, որն իր հերթին բաժանված էր դռներով միացող երեք կամ չորս միջանցների ։ Հետաքրքիրն այն էր, որ երբ հայտվում էիր այդ միջանցքներից մեկում, մի պահ կարող էիր չհասկանալ, թե որերորդ միջանցքում էիր գտնվում ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես հայտվում ես նույն տեղում. տարածության զգացողությունը կորչում էր ։ Եթե դասակարգենք տարածությունները ըստ ընկալման, ապա կարելի է երկու մասի բաժանել ՝ իմպերիալ և սեդուկտիվ ։ Իմպերիալ տարածություններն այն տարածություններն են, որոնք մարդու շարժման հետևանքով չեն փոփոխվում, օրինակ ՝ թունելով շարժվելը, Կասկադով բարձրանալը, դեպի բուրգեր շարժվելը, այստեղ տարածության փոփոխությունը չի ընկալվում ։ Թունել մտնելուց ինչ-որ պահից սկսած ՝ այնպիսի զգացողություն կա, կարծես քայլում ես նույն տեղում, չի փոխվում ռակուրսը, շրջապատի սիլուետը, երբ ջանք ես գործադրում, բայց տարածական փոփոխություն չկա ։ Հակառակը ճապոնական 7 քարերի այգին է, որտեղ պտտվելիս կարող ես 7 քարի փոխարեն տեսնել 6-ը ։ Այստեղ տարածությունը գտնվում է քեզ հետ խաղի մեջ, այսինքն ՝ մինիմալ շարժումը բերում է տարածությունում դետալների փոփոխման, այն հարաբերվում է, սեդուկտիվ է ։ Միջանցքի օրինակը իմպերիալ տարածության օրինակ է, դրա, ինչպես և Զումթորի ապակե դռան լինել չլինելը, չի փոխում ոչինչ ։ Իմպերիալ տարածության մեկ այլ օրինակ է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի Ժամանակակից արվեստի թանգարանի( Կլորներ) երկու կլոր, իրար շատ նման ցուցասրահները, որտեղ գտնվելիս կարող ես շփոթել, թե որ մեկում ես, եթե չիմանաս, թե որտեղ ինչ ցուցադրություն է ։
Միջանցք Զրույց Միսաք Խոստիկյանի հետ