LAYOUT April 2017 #01 | Page 6

Հայաստանը մասնակցում է փառատոնին 2013 թվականից: Հայաստանի համար ստեղծված արտոնյալ պայմանների համապատասխան հայկական տաղավարը ներկայացնողներն ընտրվում են մրցութային կարգով: Մեր երկիրը ներկայացրել են «Ուրբանլաբ Երևանը», «Ստորակետ», «Արխկոպ», «Արվեստ», «Ուրբան Յունիթ», «Թիմ Ֆլինն» և «Էյ ընդ Էլ» ճարտարապետական արվեստանոցները: 2016 թվականին ստեղծվեց Ճարտարապետության շաբաթի հայկական կազմակերպությունը, որի ջանքերով սեպտեմբերի 5-ին Երևանի Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկեց առաջին տեղական ճարտարապետական շաբաթը, որտեղ ներկայացվեցին նախորդ տարիներին Պրահայում Հայաստանը ներկայացրած մասնակիցները և այդ տարվա համար մրցող նախագծերը: «Ակումբում» (Թումանյան 40 հասցեում) տեղի ունենցան մի շարք դասախոսություններ, որոնց շարքում էր նաև այդ տարի Հայաստանը Պրահայի ճարտարապետական շաբաթում ներկայացնելու պատիվը ստացած բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը, ով հեղինակել է Դիլիջանի միջազգային դպրոցը: 2017 թվականի Հոկտեմբերի 2-8ը առաջին անգամ Ճարտարապետության շաբաթ միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում: Ներկայացված կլինեն մի շարք նախագծեր և մանրակերտեր աշխարհի տարբեր երկրներից: Հատուկ հրավիրված ճարտարապետները դասախոսություններ կկարդան: «Ճարտարապետությունը պատմության ամենամեծ չգրված փաստաթուղթն է» Դանիել Լիբենսկինդ Ստեղծելով պատմություն. Այսպես կկոչվի այս տարվա թեման, որը ոգեշնչված է Դանիել Լիբենսկինդի հայտնի արտահայտությունից: Մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարելի է հետևել փառատոնի պաշտոնական էջին: www.architectureweek.am