LAYOUT April #1(13) | Page 18

6.

Ի ՞ նչ է EASA-ն և ինչու ՞ է պետք մասնակցել EASA-ին

EASA-ն [ European Architecture Students Assembly ]( թարգմ. Եվրոպայի ուսանող ճարտարապետների համաժողով) երիտասարդ ճարտարապետների ամենամեծ ցանցն է, մշակութային ու կրթական փոխանակման հարթակ կամ ինչպես EASA-ցիներն են կոչում ՝ համայնք: Յուրաքանչյուր ամառ այն համախմբում է մոտ 600 ճարտարապետների ավելի քան 40 երկրներից և 200 ճարտարապետական դպրոցներից: Միջոցառման ընթացքում ուսանող և նորավարտ ճարտարապետները, միջոցառման հյուրերն ու օգնականները ապրում, սովորում և ստեղծագործում են միասին: Բազմաթիվ գործնական և տեսական աշխատարանների ղեկավարները նույնպես ընտրվում են երիտասարդների շարքերից: Հավաքի մեկ այլ կարևոր մաս են կազմում տեղական և միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների դասախոսությունները: EASA-ն սկիզբ է առել 1981 թվականին Լիվերպուլում, երբ մի քանի տեղացի ուսանողներ ամառային արձակուրդներին հրավիրել են իրենց օտարերկրյա ընկերներին, որ վերջիններս օգնեն լուծում գտնել քաղաքային որոշ խնդիրների համար, և մինչ օրս շարունակաբար անցկացվում է ամեն ամառ տարբեր երկրներում` հիմնված մասնակիցների համագործակցային ու ակտիվ մասնակցության վրա: Յուրաքանչյուր տարի ընտրվում է առանցքային թեմա, որն արծարծում է աշխարհածավալ քաղաքաշինական կամ ճարտարապետական մարտահրավերներ, իսկ աշխատարանների ընթացքում փնտրում են դրանց համար հնարավոր տեղային լուծումներ: Թերևս ամենագրավիչ փաստը EASA-ի մասին և միգուցե կենսունակության կարևոր նախապայմաններից մեկըն այն է, որ այն չունի ֆորմալ կառուցվածք, չունի կառավարման մարմին, այլ փոխարենը կոորդինացվում է բոլոր մասնակից երկրներից երկուական ներկայացուցչի կողմից: Ամեն տարի միջոցառումը նախաձեռնող երկիրը դառնում է ժամանակավոր պատասխանատու:
Այսպիսով, միջոցառումը կազմակերպվում և անցկացվում է ուսանող ճարտարապետների կողմից ուսանող ճարտարապետների համար: Ընդունող երկրի ջանքերով և մեկ տարուց ավելի տևող կազմակերպչական աշխատանքների արդյունքում հնարավոր է դառնում հյուրընկալել այս միջոցառմանը ։ Ֆինանսական միջոցներ միջոցառման անցկացման համար նույնպես հայթայթում է ընդունող երկիրը: Թեև մի քանի հարյուր հոգի հրավիրելու համար պահանջվող ահռելի ջանքերին, հավաքը հյուրընկալելու հայտերը չեն պակասում: Հայաստանում միջոցառումը հյուրընկալելու բերկրանքը հայաստանյան թիմը դեռ չի ապրել: Այս տարի EASA-ն անց է կացվելու Ռիեկայում, Խորվաթիա, հուլ իսի 21-ից օգոստոսի 4-ը ընկած ժամանակահատվածում: Մասնակցության պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք միանալ EASA Armenia ֆեյսբուքյան էջին կամ գրել easa. armenia @ gmail. com հասցեին ։ Մասնակցության հայտերը կընդունվեն մինչև ապրիլ ի 20-ը ։
Աննա Ակտարյան