joomag exam Anasnaferma_Orwell

Անասնաֆերմա

հեղինակ ՝ Ջորջ Օրուել թարգմանիչ ՝ Արտաշես Էմին ( անգլերենից ) աղբյուր ՝ « Հինգ վիպակ »

ԳԼՈՒԽ 1

Գիշերվա դեմ « Մենըր » ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները , սակայն չափից դուրս հարբած էր , որպեսզի հիշեր գոմերը փակել ։ Շորորալով , լապտերի լույսը դեսուդեն պար տալով , նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ , լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով , դիմեց վեր , ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը ։
Ննջասենյակի լույսը մարելուն պես ՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց ։ Ցերեկով խոսք էր տարածվել , թե ծեր Գնդապետը , մրցանակակիր ճերմակ կինճը , նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին ։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում , հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ ։ Ծեր Գնդապետը ( նրան միշտ այդպես էին կոչում , չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ ՝ Վիլինգդոնյան Հրաշք ) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում , որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը ՝ նրա ասելիքը լսելու համար ։
Ամբարի մի ծայրում , հեծանից կախված լապտերի տակ , Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին , բեմի նման մի հարթակի վրա ։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր , բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր , իմաստուն ու բարյացակամ տեսքով , չնայած այն հանգամանքին , որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել ։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց