Arlen Shahverdyan Լռության գինը | Page 34

Փոքր-ինչ մնալով եկեղեցու ներսում՝ ցանկանում ես դուրս գալ և ուղղակի շրջել դրսում՝ զմայլվելով ազատության անսահման զգացում հարուցող բնապատկերներով, հեռվում երևացող լեռնալանջերով, երկնքի ու երկրի հատման կետերով, աչք շոյող գույներով: Մի կողմում Ամբերդի ամրոցն է, մյուս կողմում՝ եկեղեցին, երրորդ կողմում երևում են կիսավեր շինություններ, որոնք ամրոցի համալիրի մասն են կազմել ժամանակին, չորրորդ կողմում դու ես՝ քո մտքերով, իրար խառնված զգացողություններով, մի տեսակ ներքին խռովքով, բայցև մինչև այդ պահը երբեևէ չզգացած ներքին խաղաղությամբ: Եվ զգացողությունների ու հույզերի այդ իրարամերժ ու իրարաբախ վիճակը փոխանցվում է ամեն մի բջիջիդ, և սկսում ես Ամբերդն ու շրջակայքը զգալ յուրաքանչյուր բջիջովդ, զգալ ու գնահատել, զգալ ու արժեքավորել: Այս վայրերի վեհասքանչությունը չի սկսվում և չի ավարտվում Ամբերդով, այն սկսվում է շատ ավելի վաղ, ամրոց տանող ճանապարհից և ավարտվում այնտեղ, որտեղ հեռվում երևացող խրոխտ լեռներն այնքան մոտ են, որ թվում է կհպվես նրանց, թե ձեռքդ պ