Arlen Shahverdyan Լռության գինը | Page 24

անգամ այսպիսին՝ ամրոցը հպարտ է ու զորեղ: Բերդապարիսպի բուրգերից ամենաբարձր կետից ներքև նայելիս ասես երկնքում սավառնող ազատ թռչուն լինես: Մի տեսակ սահմռկեցուցիչ գլխապտույտ ես զգում, որը, միևնուն ժամանակ, ազատության ինչ-որ հաճելի զգացում է: Քարի պես ներքև գլորվելու վտանգին միախառնվում է բուրգի գագաթից վերև թռչելու ու երկնքի կապույտի մեջ ընկղմվելու ցանկությունը: Երկինքն ասես դեպի իրեն է կանչում, բայց և հատակն է, որ ձգում է, ու դու սկսում ես մաքառել երկնքի ու երկրի ձգողականության ուժերի միջև: Գմբեթներից մեկի վրա տեղադրված է եռագույն դրոշ: Մի նոր լեռնագագաթ գրավելիս մարդիկ դրոշ են տեղադրում. այստեղ ծածանվող եռագույնը կարծես խորհրդանշում է այն «սխրանքը», որ գործում ես՝ ամենաբարձր գագաթին ելնելով: Գագաթ, որի վրա ժամանակը կանգ է առնում և որից ներքև իրականությունն է: Պարիսպների կամարաձև կամ քառակուսի պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան: Նայելով պատուհանից՝ ասես դառնում ես մեկն այն քաջերից, որոնք բնակվել կամ միգուցե կռվել են՝ ամրոցը անառիկ պահելով: Ամրոցն ինքնին այնքան անառիկ է, որ մեծ քաջագործություն, անգամ՝ արկածախնդրություն է այն գրավել փորձելը: Պարիսպների որոշ հատվածներ քարուքանդ են եղել ու տպավորություն է ստեղծվում, որ նրանք ահեղ մարտից ողջ մնացած վիրավոր զինվորներ են: Ամրոցի մերձակայքում խրոխտ իմաստնությամբ կանգնած եկեղեցին ժամապահի նման հսկում է ընդաձակ տարածքը: Դեպի եկեղեցի տանող կածանը նեղլիկ է ու քարքարոտ, վայրիվերումներով: Եկեղեցուն հասնելու համար պետք էր իջնել բերդից. որքան դժվար է ամրոց