Arlen Shahverdyan Լռության գինը | Page 22

ամեն քարի ու թփի նկատմամբ: Ապշեցուցիչ է. որքան մեծ, գրեթե տիտանական ջանքեր են պահանջվել այս ամրոցը կառուցողներից, որպեսզի բնության այդ հեռավոր վայրում, անմատչելի ու զառիվեր բլուրների հարևանությամբ վեր խոյանա քարաշեն այդ գոհարը: Նրանցից պահանջվել է անսահման համառություն, համբերատարություն, կառուցողական փայլուն միտք ու ոգի, որպեսզի ամրոցը կառուցվի, և միևնույն ժամանակ հրաշալիորեն ներդաշնակվի բնության համայնապատկերին: Մեր նախնիների մոտ դա փայլուն է ստացվել, քանի որ նրանք բոլոր հայերի նման ունեցել են բնության նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն: Հայերն իրենց պատմական հիշողությամբ միշտ կապված են եղել բնության հետ, քանի որ չեն վարել քոչվոր ապրելակերպ, սկիզբ են առել ու առ այսօր ապրում են իրենց պատմական բնօրրանում՝ մշտապես ձգտելով շենացնել այն: Հայը, իր ստեղծագործ էությամբ, իր հավատքով ու խելացի մտքով, մշտապես զգայական ու նյութական հարաբերության մեջ է եղել բնաշխարհի հետ՝ այնտեղից ստանալով իր ներշնչանքի ու ստեղծարար գործունեության կարևոր հոգևոր ազդակներ և նյութական բարիքներ՝ կեցությունը ապահովելու համար: Նախկինում հայը երբեք չի վերցրել բնությունից ավելին, քան անհրաժեշտ է եղել, ինչը բնության՝ մինչև մեր օրերը հասնելու գրավականն է: Իր կազմավորումից ի վեր բնության հետ խել